Նախապատմություն և հիմնավորում

Մինչ 1991թ.-ին անկախության ձեռքբերումը՝ Հայաստանի առողջապահության համակարգը խորհրդային ժամանակաշրջանի Սեմաշկոյի ոճի մասնատված մի համակարգ էր, որը առավելապես հիմնված էր մասնագետների վրա, և որում ընտանեկան բժիշկները փոքր դեր են ունեցել: Անկախությունից ի վեր Հայաստանի առողջապահական համակարգը դանդաղորեն ձևափոխվում  է ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջապահության համակարգի: Սակայն Հայաստանի մարզերում առաջնային բուժօգնության բժիշկների էական պակաս կա: Մինչ Երևանում առկա է բժիշկների ավելցուկ (62,7 բժիշկ 10.000 բնակչի համար, մինչդեռ եվրոպական միջին ցուցանիշն է 35 բժիշկ 10.000 բնակչի համար), Երևանից դուրս գտնվող բոլոր մարզերը տառապում են բուժաշխատողների մեծ պակասից (14,6-23,4 բժիշկ 10.000 բնակչի համար): Covid-ի համաճարակի հետևանքները, 2020 թվականի պատերազմը, Արցախից 120.000-ից ավելի անձանց  բռնի տեղահանումը դեպի Հայաստանի Հանրապետություն և Ադրբեջանի կողմից շարունակական սպառնալիքները է՛լ ավելի են սրել ստեղծված իրավիճակը՝ վտանգի տակ դնելով Հայաստանի առողջապահական անվտանգությունը։

Հայաստանի մարզերում ապրող ընտանիքներն ունեն առողջապահական խնամքի ցածր մատչելիություն, ներառյալ որակյալ բժիշկների/բուժքույրերի և սարքավորումների բացակայությունը: Երբ այդ ամենին ավելանում են ցածր եկամուտները, համակարգային գործոնները և տիրող գաղափարախոսությունները, գյուղական ընտանիքները բժշկական խնամք են փնտրում այն ժամանակ, երբ հաճախ արդեն շատ ուշ է լինում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 47%-ը, իսկ չափահաս տղամարդկանց և կանանց 41,9%-ն ունի արյան բարձր ճնշում։ Ուստի զարմանալի չէ, որ սրտի հիվանդությունները, կաթվածը, շնչուղիների քաղցկեղը և թոքերի խրոնիկական հիվանդությունները Հայաստանում մահացության առաջին չորս պատճառներն են։ Հիվանդանալն ու մահանալը կարող են մեծապես կանխվել, եթե որպես առողջապահության առաջնորդ վերապատրաստված ընտանեկան բժիշկները տեղակայվեն Հայաստանի մարզերում: Նրանք ոչ միայն ամենօրյա բարձրորակ կանխարգելիչ օգնություն կտրամադրեն, այլև կանոնավոր ստուգումներ և հիվանդությունների ճիշտ կառավարում փնտրող ընտանիքների միջոցով կփոխեն Հայաստանում առողջապահական մշակույթը։ Ընտանեկան բժիշկները մարզերի ընտանիքներում կիրականացնեն վարքագծի փոփոխություն՝ կանխելով սրտի հիվանդությունները, կաթվածը, քաղցկեղը և թոքերի խրոնիկական հիվանդությունները: