Ինչ ենք մենք անում

1) Մենք հավաքագրում, վերապատրաստում և տեղակայում ենք Հայաստանում գործող ընտանեկան այն բժիշկներին, ովքեր առաջնային օղակի բարեփոխումների իրականացման համար պատրաստ են ծառայել Հայաստանի մարզերում որպես առողջապահական բարձր պատրաստվածությամբ բժիշկ առաջնորդներ:

2) «Առողջ Հայաստան» հիմնադրամի ծրագրի ողջ ընթացքում ինտենսիվ և շարունակական կրթության միջոցով մեր բժիշկ առաջնորդներին (fellows) տրամադրում ենք ուսուցման 4 հիմնական ուղղություններ՝ առաջնորդություն, համայնքի ներգրավում, բժշկական գիտելիքներ և հմտություններ, որակի ապահովում և հետազոտություն:

3) Ծրագրի ժամանակահատվածում, բժիշկ մասնակիցներին մենք տրամադրում ենք ամենամսյա թոշակ, որը նախատեսված է վերապատրաստման ընթացիկ ծախսերը հոգալու և Հայաստանի մարզեր տեղափոխման համար:

4) Մեր բժիշկ առաջնորդներին տրամադրում ենք շարունակական խորհրդատվություն, գիտելիքներ, աջակցություն և հետազոտություններ իրականացնելու հնարավորություններ:

Մեր պատմությունը

«Առողջ Հայաստան» հիմնադրամը Հայաստանում հիմնադրված, շահույթ չհետապնդող կազմակերպություն է (գրանցված է նաև ԱՄՆ-ում՝ իբրև 501c3 շահույթ չհետապնդող կազմակերպություն): Այն նախագծվել է մեծ հաջողություններ գրանցած «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի մոդելի հիման վրա՝ նպատակ ունենալով ձևավորել առողջապահական ոլորտի առաջնորդների նոր սերունդ, որը Հայաստանի գյուղական համայնքներում կապահովի բարձրորակ առողջապահություն։ Հիմնադրամի մյուս նպատակն է ստեղծել առողջապահության ոլորտի մասնագետ շրջանավարտների ուժեղ շարժում՝ միտված Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխմանը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների առաջնահերթություններից է համարել Հայաստանում առաջնային բուժօգնության ոլորտի բարելավումը, «Առողջ Հայաստան» հիմնադրամը ձգտում է աջակցել այս նպատակի իրականացմանը՝ վերապատրաստելով բուժաշխատողներին և բարձրացնելով նրանց գործնական, առաջնորդական, որակի կառավարման և համայնքի ներգրավվածության հմտությունները:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է բարելավել առողջապահության առաջնային օղակի բուժօգնությունը Հայաստանում, մասնավորապես՝ մարզերում վերացնելով համայնքների կարիքների և առաջնային օղակի բժիշկների գիտելիքների/հմտությունների միջև եղած անջրպետը: Մենք  նպատակ ունենք նաև բնակչության շրջանում խորացնել վստահությունը  առաջնային բուժօգնության համակարգի նկատմամբ և ստեղծել առողջապահության ոլորտի ղեկավար շրջանավարտների կայուն ցանց Հայաստանի առողջապահական համակարգը ամրապնդելու համար: Այդ նպատակով մենք պատրաստում ենք առողջապահության ոլորտի վերափոխման գործընթացում ներգրավված արդյունավետ գործիչների, ովքեր կբարելավեն այն համայնքների առողջությունը, որտեղ կծավալեն իրենց աշխատանքը, և կամրապնդեն առողջապահության առաջնային օղակի բուժօգնության համակարգը:

Մեր տեսլականը

Մենք նպատակ ունենք հիմք դնել վերափոխված և մատչելի առողջապահական համակարգի: Հավատում ենք, որ փոփոխությունը կարող է տեղի ունենալ, եթե մենք օգտագործենք առողջապահության ոլորտի բացառիկ մասնագետների ներուժը, ոգևորությունն ու մղումը և նրանց քաջալերենք ծառայելու որպես առողջապահության առաջնորդներ Հայաստանի ամենաթերզարգացած համայնքներում: 

Մենք ձգտում ենք պատրաստել համայնքների առողջապահական փոփոխությունների գործակալների, որոնք ոչ միայն կծառայեն իրենց համայնքներին՝ օգտագործելով բժշկության մեջ ապացուցված լավագույն փորձը, այլև կստանձնեն ղեկավար դերեր, կներգրավվեն հետազոտությունների և իրազեկության բարձրացման գործում և ակտիվորեն կձգտեն լուծումներ փնտրել Հայաստանում առողջապահության առաջնային օղակի բուժօգնությունը փոխակերպելու համար` նպատակ ունենալով առողջապահության արդյունքների բարելավումը բոլորի համար: